«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ

ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ
14.12.2010 | 00:00

Տասներկուամյա գեղանկարիչ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԸ, որի գործերին ծանոթացա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում օրերս բացված նրա առաջին անհատական ցուցահանդեսում, կարծում եմ, տարիներ անց հայտնի կդառնա, դեռևս սովորում է Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրում: Մեզ` մեծերիս համար զարմանալի, բայց մանկան աշխարհի նման պարզ ու գունեղ նրա ավելի քան 30 գեղանկարներում բնության տեսարաններ էին, ծաղկային կոմպոզիցիաներ, հայկական հեքիաթների հանրահայտ հերոսներ, կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, տարբեր արհեստի և մասնագիտության մարդկանց դիմանկարներ: Զարմանալին այն էր, որ փոքրիկ նկարիչը մի քանի ճշգրիտ գծերով կարողացել էր պատկերել ջրի թափանցիկությունը, ամպամած երկինքը, նույնիսկ մարդկային տրամադրությունը:
«Մ. Հարթենյանի նկարները, որոնք հեղինակը հիմնականում կատարել է ջրաներկով, իրենց գունային լուծումներով, երաժշտականությամբ և կոմպոզիցիաներով համահունչ են և ներդաշնակ», - նշեց ճարտարապետ Աշոտ Սմբատյանը: Նրա խոսքերով, փոքրիկ նկարիչն իր գեղարվեստական նուրբ ճաշակով բոլորովին նոր ձևով է ընկալել, վերարտադրել, ներկայացրել արտաքին աշխարհը, կյանքը, բնությունը` հասնելով ցանկալի արդյունքի:
«Արտաքին նմանությունից առավել, նա նկարել է թռչնի, մարդու, ծաղկի բուն էությունը` դրանց մեջ գտնելով, հայտնագործելով նոր գույներ: Հենց այդ գույներից երևում է, որ նա պաշտում է բնությունը: Օրինակ, նրա ստեղծած «Մանուշակներ» նկարից ասես կապույտ լույս է ճառագում, իսկ «Անտառ» նկարից ծփծփում են ասես ցավ ու վիշտ վանող ծառերը», - նշեց դպրոցի տնօրեն Գոհար Սանոյանը: Նրա խոսքերով, փոքրիկ նկարիչը լավ է ներկայացրել նաև բնության մյուս տեսարանները, որոնց գունային նուրբ երանգները, ձգել-հմայելուց բացի, հանգստություն են ներշնչում և լավատեսորեն տրամադրում դիտողին:
«Երեխայի կյանքը հեքիաթ է,- այսպես սկսեց իր որդու մասին անվանի գեղանկարիչ-քանդակագործ Սամվել Հարթենյանը:- Երեք տարեկան էր, երբ սկսեց ճշգրտորեն գծագրել իրերը, կենդանիներին, բնության տեսարանները, մարդկանց: Իսկ հետագա տարիներին, երբ միասին շրջեցինք հայրենի լեռնաշխարհում, եղանք Սևանի կապույտ ափերին` նա խորապես ապրեց իր մանկության առավոտը, զգաց կյանքի թովչանքը, որոնք հետո հատիկ առ հատիկ վերարտադրեց թղթին»:
«Հայրենի բնությունը, լեռնաշխարհը, մարդկանց եմ ուզում կերպավորել, ներկայացնել նոր ձևով, նոր լուծումներով, նոր արտահայտումներով: Դպրոցում սովորելով գեղանկարչական գրագիտություն, ուսուցիչներիս (Արա Հովսեփյան, Ռուզաննա Եփրեմյան) օգնությամբ զուգահեռաբար մշակում եմ նաև ինքնատիպ լեզու և ուրույն ոճ, որը, ինքնաբերաբար, կարծես թե ստացվում է», - ասաց Մ. Հարթենյանը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ